Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է հաղորդել այսօր Գորիսից Ստեփանակերտ մեկնելու ժամանակ արգելափակման մեջ հայտնված արցախցիների մասին։
Ըստ Ստեփանյանի՝ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։
«Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։
Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ են վերադառնում Գորիս»,-հայտնել է նա։