Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների»,- գրել է նա:
Ներսիսյանի խոսքով՝ վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում։
«Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ»,- հայտնել է պետնախարարը:
Միաժամանակ նա հայտնել է, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելափակել էին Գորիսից Ստեփանակերտ մեկնող 27 արցախցիների մուտքը։ Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել էր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել էին շտապօգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնել էր, որ որոշ ադրբեջանցիներ ներխուժել էին սպասող մեքենաներից մեկը։