Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Շտաբից մանրամասնում են, որ կքննարկվեն հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր։
Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։ Կողմերը հանդիպել էին նաև մեկ շաբաթ անց՝ մարտի 1-ին։ Հանդիպմանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննարկվել էր «Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։ Ադրբեջանն ավելի ուշ առաջարկել էր երրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ։ Արցախի ԱԳՆ-ն նշել էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: