Արցախի ՔԿ-ում Թաղավարդում ադրբեջանցիների սադրանքի կապակցությամբ քրգործ է հարուցվել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Վարույթը վերաբերում է 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ արձակելուն։
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցվել է քրեական գործը:
Արցախի ՆԳՆ-ից հայտնել էին, որ մարտի 26-ին ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։