Արցախի ՔԿ-ում Մարտունու շրջանում ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերաբերյալ քրգործ է հարուցվել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր հրաձգային զինատեսակներից Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Փիրաբուլաղ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի բնակիչ Հ. Զ.-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ։
Գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ -ից հայտնել են, որ մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր` ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։