Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է»։
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ո՛չ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ»,-հավելել է նա։
Անդրադառնալով ԱԼիևի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր», նախարարը նշել է, որ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։
«Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին»,-շեշտել է նախարարը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին՝ նա ընդգծել է․ «Որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը»։
Ինչ վերաբերում է Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու հնարավորությնա մասին, նա ընդգծել է, որ
Արցախի Հանրապետությունը եղել և շարունակում է հավատարիմ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Կարծում ենք, որ տարածաշրջանում տևական խաղաղություն կարող է ու պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով և փոխընդունելի մոտեցումների հիման վրա։ Միակողմանի հարկադրման միջոցներով, իհարկե, կարելի է սառեցնել խնդիրը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու, ինչի վկայությունն է Արցախի 70-ամյա գոյությունը Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ամուր միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»,-նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ բնակության այլ վայր փնտրեն»:
Հիշեցնենք նաև, որ կառավարության կատարողականը ներկայացնելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որ իր անկեղծ մղումս է անել հնարավորը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։