Այն, ինչ մենք տեսնում ենք Արցախում, ցեղասպանության շարունակություն է։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հայտնում է ANCA-ն։
«Այն, ինչ մենք տեսնում ենք Արցախում՝ և՛ հարձակումները, և՛ ագրեսիան, և՛ Լաչինի միջանցքի փակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն»,- ասել է Փալոնը։
Կոնգրեսականը Թվիթերի իր էջում գրել է նաև, որ այսօր Կապիտոլիումի բլուրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Հստակ զուգահեռներ կան անցյալի այս հանցագործությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև։ ԱՄՆ-ն պետք է արագ գործի՝ ճգնաժամը կանխելու համար»,- գրել է նա։
Ավելի վաղ Փալոնը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծման համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: