Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշվում է, որ կամուրջը փակելով՝ ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն է տարածում Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։
«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները:
Ավելի վաղ Բաքուն Շուշիի շրջանում բեռնատարի պայթյունի և իր 3 զինվորի վիրավորելու մասին էր հայտնել։ Ավելի ուշ Արցախի ԱԳՆ-ն հերքել է ական տեղադրելու մասին Բաքվի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Լուսանկարները՝ Գոհար Սարգսյանի Facebook-յան էջից։