Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը շրջափակման պայմաններում ապահովում էր ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի ուժերով: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս քայլին գնալու համար Ադրբեջանն արհեստականորեն օգտագործեց իր 3 զինծառայողների` ականի վրա պայթելու հանգամանքը, որն Ադրբեջանը երեկ մատուցում էր որպես «Հայաստանի իրականացրած ահաբեկչություն»:
Միջազգային հանրության լռության և ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ճգնաժամը խորացնելու իր հանցավոր քաղաքականությունը»,-գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Ավելի վաղ Բաքուն Շուշիի շրջանում բեռնատարի պայթյունի և իր 3 զինվորի վիրավորելու մասին էր հայտնել։ Ավելի ուշ Արցախի ԱԳՆ-ն հերքել է ական տեղադրելու մասին Բաքվի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: