Ադրբեջանը հայտնել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին։
Հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ անցակետը տեղադրվել է Հայաստանի հետ սահմանին։ Նշվում է, որ անցակետը տեղադրվել է այսօր՝ ժամը 12:00-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն այդ մասին տեղեկացվել է։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Ավելի վաղ Բաքուն Շուշիի շրջանում բեռնատարի պայթյունի և իր 3 զինվորի վիրավորելու մասին էր հայտնել։ Ավելի ուշ Արցախի ԱԳՆ-ն հերքել է ական տեղադրելու մասին Բաքվի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: