ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսին կներկայացնի օրինագիծ՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանի ագրեսիան։ Այս մասին կոնգրեսականը հայտարարել է Asbarez-ին տված հարցազրույցում։
«Վաղն առավոտյան ես կներկայացնեմ Արցախի ճանաչման, Արցախի անկախության և ինքնիշխանության մասին օրինագիծ։ Սրանով ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Շիֆը։
Կոնգրեսականը նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հնարավոր ագրեսիայի առնչությամբ։
«Ես չափազանց մտահոգված եմ, որ Ադրբեջանը ևս մեկ պատերազմ է ծրագրում Արցախի դեմ, ևս մեկ պատերազմ հենց Հայաստանի դեմ, և կարծում եմ, որ սա հզոր ազդանշան կլինի Բաքվի բռնապետին, որ Կոնգրեսը, երկկուսակցական հիմունքներով, կաջակցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- ասել է Շիֆը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Ապրիլի 23-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։