Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից, հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ես անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի ու համայնքների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից արդեն ներկայացվել են այն խնդիրները, որոնք կարող են ծագել առաջիկա օրերին՝ շրջափակումը շարունակվելու պարագայում:
Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում»,-հայտարարել է պետնախարարը։
Ներսիսյանը հայտնել է նաև, որ հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և մեր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին, որի կապակցությամբ վաղը կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։
Արցախի տեղեկատվական շտաբը ապրիլի 23-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը փակել է Հայաստանի և Արցախի սահմանին՝ Լաչինի միջանցքում, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։