Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով խափանվել է բեռների ու պարենի՝ այդ թվում՝ վառելիքի ներկրումը, բայց այսօր որոշակի դրական միտում կա․ այսօրվանից նույն ռեժիմով ու նույն ծավալով կարող ենք վերականգնել ռուս խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները։ Այս մասին այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշել է, որ արդեն երրորդ օրն է՝ հումանիտար բեռնափոխադրումներ չեն կատարվում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության կողմից։
«Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը նոր լրջագույն մարտահրավերներ է առաջացրել։ Ընդգծված սուր հումանիտար խնդիրներ են առաջացել նաև Շուշիի շրջանի 4 համայնքների բնակչութան համար, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիից ու Հակարիի կամրջի կողմից տեղադրված անցակետի կողմից»։
Արցախի տեղեկատվական շտաբը ապրիլի 23-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը փակել է Հայաստանի և Արցախի սահմանին՝ Լաչինի միջանցքում, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: