Հակարի կամրջի մոտ անցակետի տեղադրումն անվտանգության միջավայրի ընկալման մեջ մեծ փոփոխություն է մտցնում։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում։ «Կսկսեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ զենքի փոխադրման հետ կապված, հետո կսկսեն հսկել նաև մարդատար մեքենաները»,-հայտարարել է Ղազարյանը։
Ըստ նրա՝ Արցախում բավականին սրված է սոցիալական դրությունը։ «Մոտ 5000 մարդ կորցրել է իր աշխատանքը։ Խնդիրներ կան ենթակառուցվածքների հետ կապված»,-նշեց նա։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։