Լաչինի միջանցքում ներկայումս տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի 120 հազար հայեր էթնիկ զտման չենթարկվեն։ «Կամրջի մոտ գործողություններ իրականացնող ադրբեջանցիների կողքին է գտնվում ռուսական ռազմաբազան։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում»,-հարցադրում է արել Գրիգորյանը։
«Նոյեմբերի 9-ը որոշակի անվտանգության երաշխիք էր ստեղծում, բայց այսօր տեսնում ենք, որ այդ անվտանգային ճարտարապետությունն ամբողջությամբ փլուզվում է»,-հայտարարեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգային ներկա միջավայրին, Գրիգորյանը հայտարարեց, որ հայկական կողմն այժմ անվտանգային երաշխիքների բուռն փնտրտուքների մեջ է։ «Մեզ մեղադրում են արևմուտք գնալու մեջ, բայց մենք ինտենսիվ համագործակցում ենք Հնդկաստանի հետ»,-հայտարարեց Գրիգորյանը։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։