Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արցախյան կողմից չի օգտագործվի այնտեղ ադրբեջանական անցակետ տեղադրելու պայմանով:
Իր Telegram – ալիքում արված գրառման մեջ նա նշել է, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հերթական խախտումն էլ ավելի է սրել իրավիճակն Արցախի շուրջ։ «Այս կապակցությամբ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, որոնց ընթացքում քննարկել ենք արտակարգ օրակարգն ու գործողությունների ծրագիրը և հստակեցրել ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերը», – գրել է Վարդանյանը:
Նա տեղեկացրել է, որ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արցախցիների հետ, որոնց ընթացքում համատեղ քննարկել են առանցքային մարտահրավերները և ձևավորել հիմնական պահանջները խաղաղապահների հրամանատարության, Արցախի և Հայաստանի ղեկավարության, ինչպես նաև միջազգային հանրության նկատմամբ:
«Արցախի երիտասարդության նախաձեռնող խումբը ձևավորել և արձանագրել է գործողությունների ծրագիր, եթե Ադրբեջանը պատրաստ չէ վերադառնալ եռակողմ հայտարարության տառին և ոգուն, որին ես լիովին աջակցում եմ իմ կողմից», – հայտարարել է նախկին պետնախարարը:
Նա տեղեկացրել է, որ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Արցախի քաղաքական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում մշակվել է «ընդհանուր դիրքորոշում իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Արցախի ժողովրդի շահերի միանշանակ պաշտպանությանն ուղղված քայլերի վերաբերյալ»: Վարդանյանի խոսքով՝ բանակցություններ են անցկացվել նաև հանրապետության և Արցախի անվտանգության խորհրդի ղեկավարների հետ, «որոնց շրջանակներում ևս մեկ անգամ վերահաստատվել են բնակիչների միասնական սկզբունքներն ու գիծը՝ մենք մեր հողի վրա ենք, մենք ոչ մի տեղ չենք գնա և չենք հրաժարվի դրանից»:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացված է Արցախի ժողովրդի և քաղաքական ուժերի դիրքորոշման մասին, նաև նշվում է, որ մենք սպասում ենք կոնկրետ քայլերի նրանց կողմից միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Նման պայմաններով միջանցքը մեր կողմից չի օգտագործվի։ Ոչ մի փոխզիջում այս հարցում չի կարող լինել։ Ուղիղ և ազատ մուտքը Հայաստան՝ առանց որևէ սահմանափակման, մեր անփոխարինելի պայմանն է։ Մենք ամեն ինչ անելու ենք մեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար», – ընդգծել է նա։
Նախկին պետնախարարի խոսքով, եթե ոչինչ չփոխվի՝ ո՛չ ռուսական խաղաղապահ զորախմբի, ո՛չ միջազգային հանրության մոտ, արցախյան կողմն իրեն իրավունք է վերապահում «գործել՝ ելնելով մեր համաքաղաքացիների օրինական շահերից և մեր ունեցած խաղաղ և այլ միջոցներով»: «Կոնկրետ թեզերը հասցվել են բոլոր քաղաքական ուժերին և դերակատարներին, մենք ակնկալում ենք նրանց արձագանքը։ Միաժամանակ մեկնարկում ենք հանրային քննարկումները բոլոր շահագրգիռ և առողջ ուժերի հետ ինչպես Արցախում, այնպես էլ դրսում», – եզրափակել է Վարդանյանը։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։