Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է ՄԻՊ տեսանկյունից ցույց տալ այնտեղ առկա խնդիրները։ Նա ընդգծեց, որ այս պահին փորձում է գտնել հնարավոր տարբերակներ՝ իր այցելությունն ի կատար ածելու համար։ Մանասյանը նաև նշեց, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ամենօրյա կապի մեջ է։
Անդրադառնալով Արցախյան խնդրին՝ ՀՀ ՄԻՊ-ը շեշտեց, որ հարցին մոտենում է երկու հարթության տեսանկյունից։
«Մեկը միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներն են, որոնք այս փուլում շատ ակտիվ եմ իրականացնում։ Այսինքն՝ իմ նախաձեռնությամբ ես բոլոր միջազգային հնարավոր դերակատարներին անընդհատ այս խնդրի մասին բարձրաձայնում եմ, իրենց հետ քննարկում եմ ուղիներ, որոնք այս փուլում հնարավոր են խնդիրները լուծելու համար։ Դրանք բարձրաձայնում եմ ՄԻՊ դիտանկյունից, որովհետև ինքս քաղաքական մանդատ ունեցող պաշտոնատար անձ չեմ»,- ասաց Մանասյանը։
ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ քննարկում են հնարավոր ուղիները։ Մանասյանի խոսքով՝ դիմելու է նաև ՄԻՊ մանդատ ունեցող կազմակերպություններին և հույս հայտնեց, որ գուցե գտնեն տարբերակներ։
«Հարցին առնչվող երկրորդ հարթությունն այն է, որ մյուս բնագավառներում էլ փորձենք հարցերին լուծումներ գտնել։ Ինչպես նշեցի, ես այդ մանդատը չունեմ, սակայն ներպետական գործընկերներիս հետ անընդհատ կապի մեջ եմ և փորձում եմ իրենց հետ էլ քննարկել հնարավոր տարբերակները»,- ասաց Մանասյանը։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես:
Մանրամասները՝ տեսանյութում։