Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1 Գրան պրի» եվրոպական մրցաշարի կազմակերպումը իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
ԿԳՄՍՆ-ն «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը և կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։
«ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ»,- ասված է հայտարարությունում։
Նախարարությունը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն առ այսօր ոչ միայն չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև կտրել է գազամատակարարումը և էլեկտրականությունը, իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ փաստացիորեն պատանդ վերցնելով ԼՂ-ի 120.000 հայ բնակիչներին։
Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես: