Արցախի իշխանությունները մեկնաբանել են տեսանյութը, որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քաղաքացիները իբր Արցախ են մտնում ադրբեջանական սահմանային հսկողության միջոցով։
«Սրանք Շուշիի շրջանի չորս համայնքների [Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր- խմբ.] բնակիչներ են, ովքեր անցակետի տեղադրման պատճառով մնացել են Գորիսում և ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձել են իրենց համայնքները։ Նրանք հանկարծակի կանգնեցվել են ադրբեջանցի զինվորականների կողմից»,- ասված է Արցախի կառավարությանն առընթեր տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութը Արցախում անվանվել է «ադրբեջանական հերթական տեղեկատվական շահարկումը արցախա-հայկական սահմանի անցակետով (Լաչինի միջանցքում) իբր Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի շուրջ։
«Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է ստեղծում Արցախի քաղաքացիների, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժի համար»,- ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը՝ ինչ-որ կերպ վերահսկելու և խոչընդոտելու Արցախի քաղաքացիների, մեքենաների և ապրանքների տեղաշարժը։
Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախ-Հայաստան երկկողմանի շարժումը կազմակերպվում է «բացառապես ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից՝ Արցախի քաղաքացիների նվազագույն անվտանգությունն ապահովելու համար»։
Ապրիլի 30-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հաղորդագրություններ և տեսանյութ Լաչինի միջանցքի անցակետից, որտեղ հայկական համարանիշներով մեքենաների վարորդները անցնում են սահմանային հսկողություն։