Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից: ԱՀ ԱԳՆ-ն կրկին ահազանգել է, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողները վտանգված են, և Ադրբեջանն Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։
«Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։ Այս համատեստքում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր»,-ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱՀ ԱԳՆ-ն կրկին դիմում է միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և դրանք միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին մայիսի 2-ին հայտարարել է, որ հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը։ Գուրբանլին հայտարարել է, որ հայերը «ոչ մի կապ չունեն» այս վանքի հետ։ «Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»,- նշել էր նա։
Դադիվանքը (Սուրբ Դադիի վանք) կամ Խութավանքը («վանքը բլրի վրա») 9-13-րդ դարերի հայկական վանք է, միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետական համալիրներից մեկը, որի առաջին հիշատակումը վերաբերում է 9-րդ դարին։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գործող վանքն է։ Տաճարը գտնվում է պատմական Արցախի Վերին Խաչեն շրջանում՝ Թարթառ գետի ափին։ 2007 թվականի հուլիսին Դադիվանքում պեղումներ են իրականացվել, որի արդյունքում զոհասեղանի մոտ գտնվել են սուրբ Դադիի մասունքները։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վանքը հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Հայ ուխտավորները տաճար են այցելում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։