Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում Բաքվում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով պայմանավորվածության հասնել չի հաջողվել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել»,-գրել է պետնախարարը։
Նա հայտնել է, որ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում կայացել է Լենցովի և Հասանովի հանդիպումը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխության մասին: Գերատեսչության տվյալներով՝ խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը: