Փարիզի սրտում տեղի է ունեցել «Սև Այգի» խորագրով Արցախին նվիրված բացօթյա ցուցահանդես: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից:
«2023թ ապրիլի 5-ից մայիսի 8-ը Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Սեն-Ժակ աշտարակի պարիսպների վրա ներկայացվեց ֆրանսիահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Պազումյանի «Սև Այգի» (Le jardin noir) խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը»,- ասված է հաղորդագրությունում։
Ցուցահանդեսի ընթացքում բազմահազար փարիզաբնակների և զբոսաշրջիկների ուշադրությանն է ներկայացվել հեղինակի կողմից 2016 թվականից ի վեր, այդ թվում նաև՝ հետպատերազմյան շրջանում, Հայաստանում և Արցախում արված լուսանկարների շարքը։ Դեսպանությունից հայտնում են, որ իր գործերում հեղինակն ընդգծել էր արցախահայության երկարատև և աննահանջ պայքարը հայրենի հողում իր գոյության իրավունքի համար։
Նշվում է, որ ցուցահանդեսի բացման օրը ևս խորհրդանշական օր է եղել ընտրված: Այն տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Առնո Նգաչայի, Անուշ Թորանյանի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության և ֆրանսահայ տարբեր գործիչների մասնակցությամբ։
Հեղինակն այցելուներին է ներկայացրել Արցախին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման նպատակը և յուրաքանչյուր լուսանկարում արտացոլված մարդկային պատմությունը, նշում է դեսպանատունը։