Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումը և սահմանագծումը չեն կարող կանխորոշել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը և Արցախի վերջնական կարգավիճակը, «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Միևնույն ժամանակ առանց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ասել է թե՝ կիսատ մոտեցմամբ հնարավոր չէ պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը: Չնայած առկա դժվարություններին՝ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից։ Եթե այսօր հնարավոր չէ հասնել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային լուծման, ապա պետք է ընդունել այս խնդրի առկայությունը և հետաձգել որոշման ընդունումը մինչև դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ այդ ընթացքում ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնիշխանության արդյունավետ և հուսալի միջազգային երաշխիքներ»,-նշել է նախարարը։
Նա շեշտել է, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ և արդար խաղաղության ու կայունության հաստատման համար։
«Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության և պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների հիման վրա։ Նախքան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման ուղղությամբ լիարժեք ձևաչափով բանակցությունների համար պայմանների ստեղծումը՝ նպատակահարմար է հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ երկխոսության հաստատումը Ստեփանակերտի և Բաքվի միջև, որը սակայն չպետք է և չի կարող փոխարինել քաղաքական հարցերի շուրջ բանակցություններին»,-հավելել է Ղազարյանը։
Ադրբեջանի կողմից հնչող այն պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, նախարարի խոսքով՝ չեն համապատասխանում իրականությանը․ «Միջազգային մակարդակով Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լրացուցիչ ջանքեր կգործադրեն Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցային գործընթացի վերակագնման ուղղությամբ, առանց որի անհնար կլինի հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան, Միշել և Ալիև եռակողմ հանդիպումը։ Եռակողմ բանակցություններից առաջ Փաշինյանը և Ալիևը առանձին հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ։ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ կողմերը «ակնհայտ առաջընթաց» են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ քննարկումներում։ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Նաև, ըստ նրա, փոխըմբռնում է ձեռք բերվել, որ մյուս ձերբակալվածները առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն։
Մայիսի 17-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ելույթում Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։