Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «վտանգավոր» է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ու հայտարարել, որ Փաշինյանը փորձում է «բոլորին ստրուկ դարձնել»։
«Թույլ ենք տալիս մեզ առանց ապացույցների ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ, խոսում ենք այն մասին, որ հայ կանայք երջանիկ չեն, խոսում ենք այն մասին, որ կարելի է թքել մարդու երեսին ու դա նորմալ համարել, եկեղեցու դեմ կարելի է քարոզարշավ սկսել։ Կարող են ասել՝ «Արցախն է ասել, մենք ի՞նչ կապ ունենք» կամ մատ թափ տալ Ազգային ժողովում ու ասել՝ «դուք ո՞վ եք, որ մեզ բան եք ասում»»,-ասել է Վարդանյանը։
Նա նշել է, որ « երբ կարելի էր հանգիստ հասկանալ, որ զոհեր են լինելու պատերազմում, բայց պատերազմը չկանգնեցվեց»։
«Երբ այս ամենը չափանիշ է դառնում, դա մեզ սպառնացող ամենամեծ վտանգն է, որովհետև մենք այդպիսով ոչ թե ինչ-որ գաղափարներ, այլ մեր հայրենիքը, մեր հայկական արմատներին, արժեքներին ենք դավաճանում»,-հայտարարել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ վերջին հինգ տարիներին փորձել է զուսպ լինել՝ կարծելով, որ «կարող է կան մարդիկ, որ տարբեր ձևերով իսկապես ուժեղ ու նոր Հայաստան են ուզում կերտել»։
«Բայց վերջին ամիսներին, երբ ամեն օր տապալվում են մեր արժեքները, մեր ամենամեծ սրբությունները, այդպիսով գիծ են անցնում»,-նշել է նա՝ հավելելով, որ փորձում ենք քննարկվել բաներ, որոնք քննարկման ենթակա չեն, որոնց թվում են Ցեղասպանությունը, Արարատ սարը, և բոլոր այն արժեքները, որոնց վրա միշտ հենվել ենք։
«Պարո՛ն Փաշինյան, ես չգիտեմ, թե որքան ժամանակ եք Դուք ղեկավար մնալու, բայց Դուք վտանգավոր բան եք անում։ Դուք փորձում եք ոչնչացնել ոչ թե հայոց պետությունը, ոչ թե պաշտպանել ձեր իշխանությունը, այլ փորձում եք մեզ ստրուկ ու արժեք չունեցող անարժանապատիվ մարդ դարձնել, ինչը Ձեզ մոտ չի ստացվելու»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ, ամեն դեպքում, դուրս ենք գալու այս դժվարին ժամանակահատվածից։
Դիմելով Երևանում տեղի ունեցող ակցիայի մասնակիցներին՝ նա հավելեց․ «Մենք ձեզ հետ ենք ոչ թե նրա համար, որ պաշտպանում ենք զոհված տղայի մայր Գայանե Հակոբյանին, այլ որովհետև զգում ենք, որ այն, ինչ կատարվում է մեր շուրջը, անընդունելի է։ Սա երկար չի կարող շարունակվել, որովհետև ամեն ինչ կարելի է պղտորել, բայց մարդկային ու ազգային սկզբունքները պղտորել չի կարելի»։
Մայիսի 17-ին հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Մայիսի 20-ին դատարանը որոշել է 1 ամսյա ժամկետով կալանավորել Գայանե Հակոբյանին։
Մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարել է, որ «եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ապա նրան ոչինչ չի խանգարում կուսակցություն ստեղծելու համար»։ Մայիսի 5-ին վարչապետը սխալ էր համարել Նեմեսիս գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի տեղադրումը Երևանում։