Կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում, ուղերձում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով ձեռնպահ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից։
«Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ՝ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում»,- նշել է նա։
Արայիկ Հարությունյանը կոչ է արել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը։
«Անկախ եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի Դաշնության շահերի, ինչպես նաև հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության»,– գրել է Արայիկ Հարությունյանը։
Արցախցիներին նա հորդորել է մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները` չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը։
«Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու։ Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ անելանելի»,- ասվում է ուղերձում։
Միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էլ նա հորդորել է առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան:
Արայիկ Հարությունյանն իր ուղերձում վստահեցրել է, որ Արցախը պատրաստ է Ադրբեջանի հետ միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության։
Նա հավելել է, որ դա հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
«Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից»,– ասել է նա։