Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։ Armenia Today-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով` այսօր արդեն 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Այսօր նաև բեռանատարներով տեղափոխել ենք մարդասիրական օգնություն։ Մայիսի 17-ից վերսկսել ենք այդ գործողությունները»,- նշեց Ամատունին։
Նա տեղեկացրեց նաև, որ տեղափոխվել են մարդասիրական տարբեր բեռներ, հիմնականում` տեղական բուժհաստատությունների համար նախատեսված բժշկական պարագաներ, դեղորայք, ինչպես նաև որոշ պարագաներ, որոնք անհրաժեշտ են ԿԽՄԿ մարդասիրական աշխատանքները տեղում իրականացնելու համար։
Ամատունու խոսքով` մայիսի 17-ից մինչև այսօր, ընդհանուր առմամբ, 16 բեռնատար է Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն տեղ հասցրել։
Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ բնականոն գործունեությունը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նաև Armenia Today-ին հայտնել էր, որ ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել: