Բաքվի հերթական անթաքույց սպառնալիքներն ու բացահայտ շանտաժը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մերժում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու բուն հնարավորությունը, ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱՀ ԱԳՆ նման հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով 2023թ․ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք հայտարարությունների։
Ադրբեջանի նախագահի կողմից Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հայտարարություններն Արցախի ԱԳՆ-ն ռազմատենչ և սադրիչ է որակել։
«Տևական շրջափակումը, անտանելի կենսապայմանների ստեղծումը, կյանքի և անվտանգության իրավունքի մերժումը, այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կանոնավոր և զանգվածային խախտումները, բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որոնք Ադրբեջանը մտադիր է շարունակել օգտագործել Արցախի ժողովրդի դեմ։ Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել սպառնալիքների և բռնության իր քաղաքականությունից, այլև ավելի ու ավելի է ամրապնդում այն՝ միջազգային հանրության, այդ թվում՝ կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների անգործության պայմաններում»,-ընդգծել են ԱՀ ԱԳՆ-ում՝ շեշտելով, որ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու իբր պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը կեղծ խոսույթ են և ծխածածկույթ, որոնց հետևում թաքնված է Արցախն էթնիկ զտման ենթարկելու Բաքվի իրական մտադրությունը։
«Պահանջելով Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են ստանալ արտոնագիր՝ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար։ Ներգրավված միջազգային դերակատարները պետք է դադարեն չնկատելու տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական օրակարգի իրական դրդապատճառներն ու բուն նպատակները։ Բացարձակապես անթույլատրելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո տասնյակ հազարավոր արցախցիներ 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնեն Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները»,-նշել են ԱՀ ԱԳՆ-ում։
ԱՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին,նաև Եվրամիությանը կոչ է արել խոսքից անցնել գործի՝ կանխելու Ադրբեջանի իշխանությունների հանցավոր ծրագրերը։
Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել Էր արձակել Արցախի Ազգային ժողովը, նաև հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան «պետք է Բաքվի պայմաններով» իրականացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ Արցախի խորհրդարանը «պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները»։ Արցախի ԱԺ-ն մայիսի 29-ին արձագանքել է Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ Բաքվի հայտարարություններն ուժի կիրառման սպառնալիքի ապացույց են։
ՀՀ ԱԳՆ-ն, արձագանքելով Ալիևի հայտարարություններին, մայիսի 29-ին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը։