«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով երթևեկությունը համարում է Արցախի նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ ՀՀ-ի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում, ասվում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման տարածած հայտարարության մեջ։
«Օրեր առաջ Ալիևի հնչեցրած՝ Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու մասին ագրեսիվ սպառնալիքները կրկին հաստատում են, որ նա շարունակում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու կամ օկուպացնելու իր հանցավոր ծրագիրը և ամեն ինչ անում է Արցախի էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու համա։ Ամիսներ շարունակ գտնվելով տոտալ շրջափակման մեջ՝ Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու անկասելի պայքարի ընթացքում հստակ նախանշվել են այն կարմիր գծերը, որոնց անվերապահ պահպանումն ապահովելու է հայկական Արցախի գոյությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ մասին տարբեր ձևաչափերով հայտարարել է նաև Արցախի Հանրապետության նախագահը՝ վստահեցնելով, որ «չենք շեղվելու մեր պայքարի որոշումից և հավատարիմ ենք մնալու հայտարարված կարմիր գծերի պահպանմանը»։
«Հակառակ այդ ամենի, հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով: Ելնելով այս իրողություններից՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում»,- նշված է հայտարարության մեջ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը Արցախի իշխանություններից պահանջել է անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով Արցախի քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:
«Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում է ունենալու Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: