Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր կասեցրել է բուժառուների և այլ մարդասիրական աջակցության կարիք ունեցողների տեղափոխումը Լաչինի միջանցքով, Armenia Today-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի գնահատումը, քննարկումները որոշում կայացնողների հետ՝ հույս ունենալով, որ բուժառուների տեղափոխումը կկարողանան իրականացնել մեկ այլ օր, երբ իրավիճակը թույլ տա:
Ամատունին հատատեց, որ այսօր իսկապես նպատակ է եղել կատարել տեղափոխություն, սակայն այն չեղարկվել է հաշվի առնելով անվտանգային իրավիճակը: Նման որոշում ԿԽՄԿ իրավունք ունի կայացնել, որից և օգտվել է այսօր:
Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ»,- հայտնում է շտաբը:
Բացի դրանից, չեղարկվել է, հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից: Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
«Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը»,- ասված է հայտարարությունում: