Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
«Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:
«Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։