Բաքուն Լաչինի միջանցքում գտնվող իր անցակետը վերածել է ռազմական հենակետի, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Գործակալությունը դիմել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով բոլոր միջոցները ձեռնարկել Ադրբեջանի հանցագործությունները զսպելու համար։
«Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների և դրան հաջորդած Լաչինի միջանցքով ճանապարհի ամբողջական արգելափակման պատճառով հունիսի 15-ից դադարեցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախի Հանրապետության 120 հազար բնակչության գոյատևման համար անհրաժեշտ հումանիտար բեռների, մասնավորապես՝ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բոլոր փոխադրումները:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ Որպես հետևանք պարենի և դեղորայքի ներքին սուղ պաշարներն արագ սպառվում են, ինչը սպառնում է հանրապետությունում ստեղծված իրավիճակը վերածել հումանիտար աղետի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։
«Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները, ներառյալ կեղծ ակտիվիստների կողմից բեմադրված ցույցը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, խաղաղ բնակիչների թիրախավորումը և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումը, կրում են կանխամտածված և ծրագրված բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն Արցախում դարձնել անհնարին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը բացասական հետևանքներ կունենա Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ և անարգել տեղաշարժի համար։
«Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը բացասական հետևանքներ կունենա Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ և անարգել տեղաշարժի համար, որն այժմ փաստացի ամբողջությամբ դադարեցված է, և 120.000 մարդ Արցախում, այդ թվում՝ 30.000 երեխա, իրենց սեփական տանը հայտնվել են պատանդի կարգավիճակում։ Ստեղծված իրավիճակում գետնի վրա առկա իրողությունների անտեսումը, անհասցե հայտարարություններն ու կոչերը, միջազգային հանրության կողմից կոնկրետ և համարժեք քայլերի բացակայությունը միայն խրախուսում են Ադրբեջանի իշխանություններին շարունակել և ակտիվացնել իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ն կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը, ինչպես նաև դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը։
«Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և Պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հանրապետության կառավարությանն առընթեր Արցախի տեղեկատվական շտաբը հունիսի 15-ին հայտնել է, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հաստատեց, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։
Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։