Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը խմբի անունից խստորեն դատապարտել է հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջաններում հայկական դիրքերի գնդակոծումը, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։
«Մինչ շրջափակումը շարունակվում է արդեն 200 օր, Ալիևը շարունակում է ցուցադրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր ծրագրերը։ Ի՞նչ են մտածում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը (Եվրահանձնաժողովի ղեկավար – խմբ.) և Շառլ Միշելը (Եվրախորհրդի նախագահ – խմբ.) այս «վստահելի գործընկերոջ» մասին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պետելը։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: