Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել հունիսի 28-ին շփման գծում արյունալի միջադեպի հետևանքով երկու զոհված զինծառայողների դիերը, «Ազատությանը» հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտնել է, որ խոսքը ժամկետային 20-ամյա Սամվել Թորոսյանի և 20-ամյա Երվանդ Թադևոսյանի մասին է։
Արցախի ՄԻՊ-ը հերքել ադրբեջանական կողմի պնդումները, թե երկու զոհված զինծառայողները Հայաստանի զինված ուժերից են։ Այդ լուրերը նա «հերթական մանիպուլյացիա» է որակել։ Ստեփանյանը փոխանցել է, որ դիերը Հայաստան տեղափոխելու համար արցախյան կողմը փորձել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ հարցը լուծել, սակայն դեռ չի հաջողվում։
Տեղափոխումը կազմակերպելու համար Ստեփանակերտից նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին են դիմել։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ էր արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 5 դեպքի մասին։