Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը փաստեր է ներկայացրել Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ։
«2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ, որը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ»,- գրել է Ստեփանյանը։
Վերոնշյալ փաստն ապացուցելու համար, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, հրապարկվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված փաստեր։
« 1․ Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին։ Հաճախել է Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում՝ քաղաքաշինական կադաստր որակավորմամբ։ Նա բարձրագույն կրթություն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետում՝ տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։ Սամվել Թորոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։ Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։
2․Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թվականի մայիսի 27֊ին։ Հաճախել է Բերձորի Վ․Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին։ Երվանդ Թադևոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում։ Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ֊ի պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը»,- գրել է Գեղամ Ստեփանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
Ներկայացվող փաստաթղթերի շուրջ հնարավոր շահարկումները կանխելու համար ԱՀ ՄԻՊ-ը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ հաշվառման հասցեի տարբերությամբ:
«Դա վաղուց հայտնի մոտեցում է, որը կիրառվում է Արցախի չճանաչվածության պատճառով, որպեսզի Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել և իրացնել իրենց իրավունքները նաև այլ երկրներում: Այդ մոտեցումը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր չճանաչված պետությունների քաղաքացիների համար՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի ու հարաբերությունների բացթողումները մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- գրել է նա:
Նշվում է, որ զոհված զինծառայողներին «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակներում։
«Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակներում: Հարկ է հիշեցնել, որ սա նոր մոտեցում չէ, և նախընթաց տարիներին Արցախի Հանրապետության բազմաթիվ զոհված քաղաքացիներ նույնպես հուղարկավորվել են Եռաբլուրում՝ հաշվի առնելով այդ պանթեոնի համազգային նշանակությունը»,- նշել է նա:
Ստեփանյանն ընդգծել է, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները։
«Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի շարքերում իբր ՀՀ քաղաքացիների (բնակիչների) զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին, ապա Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները»,- գրել է նա:
Արցախի ՄԻՊ-ը միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար:
Հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների հայկական դիրքերի գնդակոծության հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել՝ Արմո Աբգարյանը, Գագիկ Բալայանը, Սամվել Թորոսյանը և Երվանդ Թադևոսյանը։ Հունիսի 29-ին Արցախի ՄԻՊ-ը հայտարարել է, որ Ադրբեջանն արգելում է նրանցից երկուսի դիերը Հայաստան տեղափոխել։ Հուլիսի 1-ին Ստեփանյանը հայտնել է, որ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինները Կարմիր Խաչի միջոցով տեղափոխել են Հայաստան՝ ծնողների կամքի համաձայն հողին հանձնելու Եռաբլուրում։