Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, որում վերջինս անդրադարձել էր Մ․ Հակոբյանի այն հայտարարությանը, թե Արցախի շրջափակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը որևէ կապ չի հաստատել ԱՀ ԱԺ նախագահի հետ։
«Իմ խոսքից վրդովվելուց առաջ նախ համարձակություն ունեցեք հնչեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն (հիշեցնեմ մեր պետությունն այդպես է կոչվում): Վերոնշյալ անձին առաջարկում եմ հերքում կամ հաստատում պահանջել հասցեատերերից»,-իր Facebook-յան էջում գրել է Հակոբյանը՝ շեշտելով, որ Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է։
«Չգիտես լաս, թե՞ խնդաս… իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախի Հանրապետությունից զանգի է սպասում…»,-հավելել է նա։
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «բացարձակ սուտ է» որակել Հակոբյանի այն հայտարարությունը, թե Արցախի շրջափակումից հետո ինքը ոչ մի անգամ կապ չի հաստատել Ացախի Հանրապետության ԱԺ նախագահին հետ։
«Դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը։ Խոստացան զանգել, այդպես էլ չզանգեցին»,-գրել էր Սիմոնյանը։