ԱՄՆ-ն հավատում և հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
«ԱՄՆ-ն վաղուց և հաստատակամորեն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինի, նրան պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում և կարողանան վարել խաղաղ ընտանեկան կյանք։ Մենք հուսով ենք և հավատում ենք, որ Ադրբեջանի կազմում դա հնարավոր է, և կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն, Միացյալ նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը»,- նշել է դեսպանը։
Քրիստինա Քվինը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է գտնել ուղիներ և կազմակերպություններ, որոնցում Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ սկիզբ առած խաղաղության քննարկումները հնարավոր կլինեն առաջ տանել՝ այս համատեքստում անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի և ՌԴ գործոններին։
«ԱՄՆ-ն փորձում է գտնել ուղիներ և կազմակերպություններ, որոնցում Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ սկիզբ առած խաղաղության քննարկումները հնարավոր կլինեն առաջ տանել և վերջնարդյունքի հասցնել։ Դժբախտաբար՝ Ռուսաստանն Ուկրաինայում իր ագրեսիվ գործողությունների պատճառով հանդես չի եկել որպես լավ գործընկեր, ուստի մենք աշխատում ենք մեր վստահելի գործընկերների հետ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել գործել և եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան»,- հավելել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։