Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ունեցել և շարունակում է ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, միևնույն ժամանակ կարծում ենք, որ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը, հայտնել է Արցախի ԱԳՆ-ն՝ ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարություններին։
«Համոզված ենք, որ այնպիսի բարդ և տևական հակամարտության կարգավորումը, ինչպիսին է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնահարցը, կարող է հաջողությամբ պսակվել, այն դեպքում, եթե հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները, ամբողջովին գիտակցելով իրենց պատասխանատվությունը, ցուցաբերեն ճկունություն, ստեղծարար մոտեցում, կառուցողականություն և առաջնորդվեն ինչպես միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ համընդհանուր այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդարությունը, արժանապատվությունը և ազատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ համոզմամբ՝ նմանատիպ հայտարարությունները հիշեցնում են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն, իսկ ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում, ինչը հանգեցնում է միայն հետագա բռնությունների և մարդկային տառապանքների։
«Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնում են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն։ Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում, ինչը հանգեցնում է միայն հետագա բռնությունների և մարդկային տառապանքների»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հուլիսի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատում և հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում և կարծում է, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։