Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների և բոլոր պատասխանատուների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում, հուլիսի 5-ին հրավիրված «օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները» խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ: Իհարկե, մենք մեր խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնս կատարում ենք իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»,- հավելել է Արայիկ Հարությունյանը:
Նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ: