Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, փորձում ենք լուծումներ գտնել, բայց բանակցություններին զուգահեռ մենք դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը, ինչպես նաև ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի պաշարման, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 8-ին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև շեշտել ԼՂ-ում էթնիկ զտման վտանգն ու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը:
«Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, փորձում ենք լուծումներ գտնել, թեև բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի. վերջինիս համար հարկավոր է զուգընկեր, խաղաղություն համար ևս հարկավոր է, որ ձեր հարևանը պատրաստ լինի խաղաղություն հաստատել, տևական խաղաղություն: Միայնակ հնարավոր է պատերազմ սկսել, բայց, ցավոք, միայնակ հնարավոր չէ հասնել տևական խաղաղության: Եվ այսպես, մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ մենք դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը, ինչպես նաև ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի շրջափակման:
Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է. բավականին երկար ժամանակ է՝ ինչ սնունդ և դեղորայք չի մատակարարվում Լեռնային Ղարաբաղ։ Մարդիկ պաշարված են»,- ասել է նա։
ԱԳ նախարարը նշել է, որ ՀՀ-ում տեղի են ունենում գործընթացներ, որոնք Եվրոպական միությանն ավելի է մոտեցնում Հայաստանին և հակառակը։
«Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի ամրապնդմանը: Սա Եվրոպական միությանն ավելի է մոտեցնում Հայաստանին և հակառակը: Անակնկալ չէ, որ մենք նաև ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներում ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների խորացման ու համագործակցության նոր հեռանկարներ, այդ թվում՝ անվտանգության հարթության մեջ. մենք անցկացրեցինք Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հարցերով առաջին նիստը»,- ընդգծել է Միրզոյանը:
Արտգործնախարարը ներկայացրել է այն արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանը։
«Հիմա խոսում ենք համաշխարհային կարգի խախտման և միջազգային իրավունքի և կանոնների խախտման մասին: Մենք խոսում էինք այս ամենի մասին սկսած 2020 թվականից, երբ Ադրբեջանը պատերազմ, ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում: Մենք բարձրաձայնում էինք այս մասին, սակայն այդ պահին աշխարհի միայն մի քանի երկրներ մեզ ականջալուր եղան, իսկ այժմ բոլորն առերեսվում են առավել մեծ խնդրի հետ: Մենք ներկայացնում էինք մեր խնդիրները, որոնք մաս են կազմում առավել մեծ հիմնախնդրի՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչին այսօր բախվել են բոլորը: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ենթարկվեց ներխուժումների, և այս համատեքստում ես պետք է մեր երախտիքը հայտնեմ ԵՄ կողմից շատ արագ արձագանքելու կապակցությամբ (դիտորդական առաքելություն ուղարկելը), ինչն, ի դեպ, գուցե մի փոքր անսպասելի էր ԵՄ պարագայում»,- հավելել է նա:
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։ Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։