«Արցախգազ» ՓԲԸ-ն հայտնել է, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը վերականգնվել է։
«Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը»,-հայտնել են ընկերությունից։
Ընկերությունը միաժամանակ տեղեկացրել է, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:
«Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով: Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար»,-նշել են ընկերությունում՝ քաղաքացիներին խնդրելով լինել զգոն ու համբերատար՝ խուսափելու որևէ դժբախտ պատահարից:
Մարտի 22-ին ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել էր Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։
Լաչինի միջանցքը փակելուց հետո՝ 2022-ի դեպկտեմբերից սկսած, պարբերաբար գազանջատումներ են լինում։ Ադրբեջանը 2023-ի հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար բոլոր փոխադրումները։