Արցախում կառավարությյան որոշմամբ մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում շուրջօրյա էլեկտրամատակարարում կիրականացվի, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ շեշտելով, որ որոշումը պայմանավորված է Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնմամբ, վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկով:
«Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը: Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ»,-հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Տեղեկացնում են նաև, որ հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով, քանի որ Ադրբեջանը հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:
Արցախի տեղեկատվական շտաբից քաղաքացիներին հորդորում են հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրականությունը՝ խուսափելու համար ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ու վթարներից:
«Արցախգազ» ՓԲԸ-ն հայտնել էր, որ հուլիսի 8-ին Հայաստանից Արցախ գազի մատակարարումը վերականգնվել է, որն Ադրբեջանը արգելափակել էր մարտի 22-ից։ Ադրբեջանը 2023-ի հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար բոլոր փոխադրումները։