Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը այսօր՝ հուլիսի 11-ին, Ադրբեջանի ՊՆ-ի արդեն երկրորդ հայտարարությունն է հերքում։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն է տարածել, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի, Քարվաճառի շրջաններում։ Նշվել է, թե աշխատանքներն իբրև կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է»,-հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայութունից։
ԱՀ Պն-ն շեշտել է, որ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ են հետապնդում։
Այսօր՝ հուլիսի 11-ի առավոտյան, ԱՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։