Այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
ԱՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ ավելի քան 186 բուժառու սպասում է տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար: «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 բուժառու, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։