ԼՂ-ում հստակորեն նկատվում է անհրաժեշտ դեղորայքի պակաս, արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը կրկին հիշեցնում է, որ արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։
«Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում անցակետի տեղադրում և հանրահռչակված «պատժիչ» նպատակներով տեղաշարժի արգելափակում, ապացուցում են, որ այս քայլերը հստակորեն ծրագրված են ադրբեջանական իշխանությունների կողմից և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտումների ենթարկելուն»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ այս ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը, որը մինչ այժմ ուղեկցվում է Ադրբեջանի կողմից արդեն մի քանի ամիս շարունակվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարմամբ, շարունակում է է՛լ ավելի վատթարանալ։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը»,- նշված է հայտարարությունում։
Իրավիճակը նույնն է նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղորայքի պակաս, ինչի հետևանքով մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձիք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ, կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։
«Այս ընթացքում անհապաղ բժկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում»,- հայտնում է ԱԳՆ-ն։
Նման իրավիճակում Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին:
«Սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները եւ Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը»,- ասված է հաղորդագրությունում:
Հունիսի 15-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար բոլոր փոխադրումները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։ Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել էր «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը։