Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Արցախում ցեղասպանության վտանգի մասին հայտարարելու պահանջով։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը։ Դուք դա կարող եք անել։ Իմ ժողովուրդը մատնված է հանցավոր անտարբերության բոլորի կողմից»,- նշել է Ստեփանյանը։
Նա հավելել է, որ խաղաղապահներն իրենց պահպանման համար (ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով) ուղղաթիռներով ներկրումներ են անում, այնինչ Արցախի ամբողջ բնակչությունը մատնվում է սովի, իսկ միջազգային դերակատաները հայտարարություններից բացի այլ քայլեր չեն ձեռնարկում։
«Միջազգային հանրությունը սպասում է հազարներով մարդիկ մեռնեն, որպեսզի հետո երկերեսանիորեն ափսոսանքներ արտահայտի»,- եզրափակել է Արցախի ՄԻՊ-ը։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել է մարդասիրական ուղեւորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշներ է տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել էր ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին, բայց հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել էր ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ կապված «մաքսանենգության փաստերի» հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն այս գործողություններն անվանել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու հերթական փորձ։