Արցախում տեղի է ունեցել համազգային հանրահավաք, որի նպատակը միջազգային հարությանը սթափեցնելն է, աղետի կոչնակը հնչեցնելը և «անժամկետ քայլերով ու գործողություններով» բոլոր դերակատարներին ուշքի բերելը: Հանրահավաքին մասնակցնում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Ներսիսյանը իր ելույթի ժամանակ ասաց, որ անընդունելի է համարում արցախցուն միջազգային հարաբերությունների կառուցման և հակադրությունների կարգավորման մանրադրամ դարձնելը:
«Բա՛վ է մեր ժողովրդի կյանքի հաշվին խոշոր քաղաքականությունների, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն եզրագծի վրա լինելով՝ ի վիճակի չեն նրանց ընձեռելու քաղաքական մանևրներ կատարելու հնարավորություն, ինքնամոռաց տանջվել՝ ապահովելով նրանց համար իրենց երկրներում ավելի հադարտ պայմաններում խնդիրներ հաղթահարելը:
«Ի վիճակի չենք, որովհետև այլևս հյուծվելու տեղ չունենք, ցանկացած զիջում այլևս մեր երեխաների կյանքի գնով է… Արցախի 30 000 երեխաների կյանքի գնով: Մենք մեր երեխաների կյանքը երբեք սակարկության առարկա չենք դարձնի»,- ասաց Ներսիսյանը:
Նա նշեց, որ մասնակիցները երթով շարժվելու են ԿԽՄԿ-ի արցախյան գրասենյակ՝ հնչեցնելու իրենց պահանջը միջազգային հանրությանը, ապա Ռուսական խաղաղապահների տեղակայման վայր, որտեղ ներկայացնելու են ապաշրջափակումը դադարեցնելու պահանջ:
Նրա խոսքով՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած՝ դիմակայել են հումանիտար խնդիրներին, կարծելով, որ օր առաջ միջազգային հանրության ջանքերով իրավիճակը կկայունանա, սակայն ժամանակի ընթացքում հասկացել են, որ բոլորը միայն լուռ դիտորդի կարգավիճակում են:
«Այսօր արդեն կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ և շատերի՝ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ կապը հեռախոսազանգն է, Շուշիի շրջանի մեր հայրենակիցները դարձել են պատանդ իր ծայրահեղ բոլոր դրսևորումներով»,- ասաց նա՝ շեշտելով, որ միջհամայնքային երթերը նախ կրճատվել, ապա առհասարակ դադարեցվել են, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ:
Ներսիսյանը տեղեկացրեց, որ օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի ու բժշկական հասանելիության խնդիր:
«Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին ու Ռուսաստանին՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մենք մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք, ուզում եք օրեր առաջ մանկահասակ երկու երեխաների մահվան դեպքի կրկնություննե՞ր, որ խելքի գաք։ Ես ձեզ ասում եմ՝ բավական է»,- ասաց Ներսիսյանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ելույթում ընդգծեց, որ գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան:
«Մարդու իրավունքնե՞ր ասում եք: Ուրեմն ասե՛ք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին, և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ: Ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվողն հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել: Ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց օրվա ամենամեծ երազանքը իրենց երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է… Ես ուզում եմ, որ դո՛ւք նայեք նրանց աչքերին, դո՛ւք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»,- ասաց նա:
Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Ստեփանյանն ասաց. «Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը արգելափակել է մարդասիրական ուղեւորափոխադրումները եւ բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին Ադրբեջանը բետոնե պատնեշներ է տեղադրել նաեւ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարեց ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Բայց հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելեց ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ կապվելով «մաքսանենգության փաստերի» հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն այս գործողություններն անվանել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելու հերթական փորձ։