Հուլիսի 17-ին, ժամը 19.00-ին Երևանում՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգում, կբացվի «Ծառայություն» ցուցահանդեսը։ Ստեփանակերտցի լուսանկարիչ Նարինե Կարապետյանի նախագիծը կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը նոր տեսանկյունից հրավիրել այն հումանիտար ճգնաժամին, որն արդեն ութ ամիս է՝ շարունակվում է Արցախում։ Լուսանկարչական ցուցահանդեսը պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, ովքեր այս դժվարին ժամանակներում անտարբեր չեն մնում պատերազմի պատճառով կացարաններից ու տերերից զրկված ընտանի կենդանիների ճակատագրի հանդեպ։
Լուսանկարչական նման նախագծի գաղափարը Նարինե Կարապետյանի մոտ ծագել է շրջափակման առաջին իսկ օրերից, երբ մարդիկ, ովքեր հայտնվել էին աշխարհից մեկուսացման մեջ՝ առանց սննդի և դեղորայքի հնարավորության, աջակցության և համախմբման կարիք ունեին։ Հենց այդ ժամանակ Նարինեն սկսեց իր տեսախցիկով նկարահանել մարդկանց մեծահոգության, սիրո ու հոգատարության մասին վկայող պատմությունները։ Արդյունքում, ծնվեցին ցուցադրության մեջ ներառված 30 աշխատանքները՝ որպես անձնուրաց ծառայության 30 եզակի օրինակներ։
Հոգատարների նախագծի գաղափարն ի հայտ եկավ 2020 թվականին՝ պատերազմի ժամանակ, երբ Արցախն ավելի քան քառասուն օր գնդակոծության տակ էր։ Այդ ժամանակ մարդիկ ստիպված լքեցին իրենց ընտանի կենդանիներին։ Սակայն արցախցիները չկարողացան անտեսել այս աղետալի իրավիճակը և միավորեցին իրենց ջանքերը կենդանիներին փրկելու համար։
Նախագծի շրջանակում «ՎԻՎԱ» հիմնադրամի կայքում կբացվի դրամահավաք բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն։ Հավաքված միջոցները կուղարկվեն Արցախ՝ անվճար անասնաբուժական կաբինետ կահավորելու, կենդանիների համար կերի, դեղերի, պատվաստանյութերի ձեռքբերման, ինչպես նաև բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների տարածումը վերահսկելու համար։
«Ծառայություն» ցուցահանդեսը Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում կշարունակվի մինչև հուլիսի 25-ը, այնուհետև այն կտեղափոխվի Զվարթնոց օդանավակայանի շենք (26.07-10.08)՝ բաց սահմանների աշխարհում շրջափակված Արցախի խնդիրը հնարավորինս լայնորեն լուսաբանելու համար։ Այնուհետև աշխատանքները կներկայացվեն ԹՈՒՄՈ կենտրոնի այգում (11.08-21.08): Զուգահեռաբար, այս օրերին ցուցահանդեսը կներկայացվի Ստեփանակերտում՝ Photo Atelier Marashlyan-ում։
Ցուցահանդեսը սեպտեմբերից կշարունակվի Հայաստանի քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում և Գորիսում։ Մարզային ցուցահանդեսների ժամանակացույցը ճշտման փուլում է։
Նախագծի շրջանակներում տեղի կունենա ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» անիմացիոն ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է 1910 թվականին Կոստանդնուպոլսում քաղաքային շների ոչնչացման հրեշավոր փաստի մասին։ Կանցկացվեն կրթական և մշակութային միջոցառումներ, դասախոսություններ և հատուկ նախաձեռնություններ, որոնք կոչված են գրավելու հասարակության լայն շերտերի ուշադրությունը հումանիտար ճգնաժամի պայմաններում ընտանի կենդանիներին խնամելու հիմնախնդիրների ուղղությամբ։