ՊԲ-ն չի ճնշում օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, հայտնում է Արցախի ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարությունները հերքելով։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է»,- ասված է հայտարարությունում։
Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարում է, թե իբր վերջին նման միջադեպն արձանագրվել է հուլիսի 13֊ին, երբ ՊԲ համապատասխան ստորաբաժանման ռադիոճնշման հետևանքով խափանվել են ժամը 11։54֊12։07 Զանգիլան֊Ֆիզուլի, իսկ ժամը 13։02֊13։17 Ֆիզուլի֊Բաքու երթուղով չվերթեր իրականացնող օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, այնինչ հիշյալ երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերը կարիք չունեն հատել շփման գիծը, հետևաբար չեն կարող հայտնվել ՊԲ ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո։
«Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- ասված է հայտարարությունում։
Հուլիսի 14-ին Արցախի ՊՆ-ն հայտնել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին։ Ադրբեջանի ԶՈւ-ն ժամը 11:00-ի սահմաններում Շուշիում 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ էր կիրառել։ Ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կիրառել էր 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ 19։20-ի սահմաններում արդեն կրակ էր բացել Մարտունու շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։