Հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի անկախության ճանաչմանն աջակցելու խնդրանքով պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։
Նա միջազգային հանրությանն ահազանգել է արցախահայության հայրենազրկման վտանգի մասին։
«Արցախի խորհրդարանի ղեկավարը խորապես համոզված է, որ ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։ Նա վստահեցրել է գործընկերներին, որ ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը կան ու ներկայացրել է դրանցից ամենակարևորները»,-հայտնում են ԱԺ-ից։
Նա համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ բնակչության համար անվտանգության վստահելի երաշխիք կդառնա, կնպաստի իր պատմական հայրենիքում բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։