Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած որոշում առոչինչ է, Ստեփանակերտին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին, Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հնչող հայտարարութուններին։
«Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու իրացրել է, Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է։ Թող որևէ մեկն իրեն թույլ չտա սակարկելու, զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման, նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքները»,-շեշտել է նա։
Պետնախարարը ՌԴ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը Արցախում համաժողովրդական շարժման արձագանք է համարել։
Հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն, մտահոգիչ համարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակ, Բաքվին կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար: ՌԴ ԱԳՆ-ն շեշտել էր, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս ունի, գործնականում զրկված է էլեկտրա և գազամատակարարումից։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել էին, որ «այդ իրավիճակը կարող է ամենադրամատիկ հետևանքներն ունենալ Ղարաբաղի հայերի համար»;
Արցախում հուլիսի 14-ից համաժողովրդական շարժում է ձևավորվել։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում։